Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Խառնաշփո՞թ, թե՞ մրցակցություն

Խառնաշփո՞թ, թե՞ մրցակցություն
13.01.2017 | 01:26

Սկզբի համար նշենք` իշխող կուսակցությունը խիստ ակնհայտ կիրառում է ղեկավարելի քաոսի տարրերը` նախընտրական այս փուլում: Շատ կարճ ժամանակ է մնացել ապրիլի 2-ին, նախկինում կուսուժերը, դաշինքներն այս հատվածում արդեն իսկ ձևավորված, կազմ ու պատրաստ էին լինում, սակայն այս անգամ, երբ կյանքի է կոչվում փոփոխված Սահմանադրությունը` նոր դրույթներով, խոր անորոշություն է տիրում, քանզի քաղաքական դասավորությունը ոչ միայն չի սկսվել, այլև անհայտ է՝ ե՞րբ կսկսվի:


Հաշվենք. Սերժ Սարգսյանը արձակուրդից կվերադառնա հունվարի 13-ի գիշերը. տեղյակ ենք, որ Գագիկ Ծառուկյանը մի վերջին անգամ պետք է «ճշտվի» վերջինիս հետ` իր «պատմական» վերադարձի առնչությամբ. դե, մինչև հանդիպե՜ն, մինչև որոշե՜ն, հայտարարության համապատասխան տեքստ մշակվի՜ (թե՛ վերադարձի, թե՛ չվերադարձի դեպքում), ամիսը գրեթե կավարտվի:
Սա, իհարկե, եթե անկեղծ` իշխող ուժի հաշվարկների մեջ է մտնում. հիբրիդային և ղեկավարելի քաոսը հենց նման տարրերով է դաշտը վերահսկելի դարձնում:
ՈՒ մինչ մնացյալք կորոշեն` ում հետ են գնում, ինչպես, իշխող կուսակցությունը կհրապարակի իր ռեյտինգայինների ցուցակը, ինչը, անկասկած, խիստ «մրցակցային» կլինի. մնացյալքին դրա համար ևս փիքր անելու ժամանակ պետք կլինի: Արդյունքում դարձյալ կշահի իշխող ուժը: Էլ չենք ասում, որ Ծառուկյանի չվերադարձի դեպքում քաղաքական մի շարք ուժեր, որոնք շնչակտուր սպասում են նրա վերադարձին, ուղղակի ժամանակ չեն ունենա վերադասավորվելու և խոր ֆիասկոյի մեջ կհայտնվեն:


Ինչո՞ւ է այսպես վարվում իշխող ուժը` խորհրդարանական հանրապետության անցման նախընտրական-կարևորագույն այս փուլում: Շատ պարզ. տնտեսական վիճակը երկրում այն չէ, եթե իշխանությունները թույլ տան քաղաքական ուժերին արագ վերադասավորվել, բրգանալ, ապա չի բացառվում` վերջիններիս հաջողվի ընդհանուր ճակատով պայքարել, ֆորս մաժոր պարտադրել արդեն իսկ մինչև ընտրություններ, ինչն ամենևին չի մտնում իշխող ուժի հաշվարկների մեջ:
Ընդ որում, այս ընտրություններն ունեն ևս մեկ «խոր» հմայք: Խոսքը ռեյտինգային ընտրակարգին է վերաբերում (ռեյտինգային մի ասա, մի «զուլում» ասա): Բանն այն է, որ 14 ընտրատարածքների բաժանված հայաստանյան ընտրատեղամասերում առաջադրվելու են, այսպես ասած, «անսահման» քանակությամբ թեկնածուներ (որոշ հաշվարկներով, դրանց թիվը կարող է անցնել երկու տասնյակից): Բոլորն էլ՝ «բոյ-բուսաթով», հայտնի, խարիզմատիկ, դե, գոնե` օդիոզ: Վերցնենք հենց միայն Մալաթիա-Շենգավիթ ընտրատեղամասը ու թվարկենք (առայժմ` ըստ մամուլի). Սամվել Ալեքսանյան, Հեղինե Բիշարյան, Նաիրա Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյան (չնայած այստեղ «Ելքը» դիտարկում է նաև Արա Հարությունյանի թեկնածությունը), Հակոբ Հակոբյան (Լեդի Հակոբ), Մարտին Սարգսյան… Բոլորին չես թվի: Նույնական վիճակ է նաև Էրեբունի-Կենտրոն և մնացյալ «օկրուգներում», որոնցում ընդգրկված են է՛լ ավելի «խարիզմատիկներ» ու «օդիոզներ»:


Հարցն օրինաչափ կարո՞ղ է հնչել՝ սա մրցակցությո՞ւն, թե՞ խառնաշփոթ է:
Եթե Հայաստանը լիներ արդար ընտրահամակարգով, կայուն ընտրական տեխնոլոգիաներով հայտնի լիբերալ արժեհամակարգային երկիր, իհարկե, մրցակցություն կլիներ: Իսկ այս դեպքում փոքր-ինչ դժվար է լինելու այսքան «խարիզմատիկների» պայքարը միմյանց դեմ բնորոշել որպես մրցակցային-արժեհամակարգային պայքար` ընտրողի լավագույն քվեի համար:


Այնպես որ, «տեսարանների» առատությունից ընտրողն ու յուր «քվեն» բողոքելու առիթ չեն ունենալու, հնարավոր է անգամ խիստ գոհ լինեն` լոկալ նյութականության առումով:
Բայց որ գերագույն շահողն այս «տեսարաններից» լինելու է հատկապես իշխող ուժը, այդ մեկը նույնպես հաստատ է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ